Նպատակ

Նպաստել 2019թ․ հունվարին կազմավորված «Արմավիր» ջրօգտագործողների ընկերության արդյունավետ կառավարմանը, շահառուների իրազեկման և տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը, մասնակցային կառավարման խթանմանը՝ ջրօգտագործողների ընկերության գործունեության վերաբերյալ էլեկտրոնային միասնական համակարգ ստեղծելու միջոցով։

Խնդիր

Հայաստանում ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումը համարվում է երկրի լրջագույն խնդիրներից մեկը, այն պայմաններում, երբ տարածաշրջանում Հայաստանը քաղցրահամ ջրերի պաշարով առաջատար դիրք է գրավում։ Այնուհանդերձ, Սևանա լիճը և արտեզյան ջրերը՝ որպես քաղցրահամ ջրի հիմնական աղբյուր, օգտագործվում են ոչ արդյունավետ։ Ջրային ոլորտում աշխատող կառույցները՝ ջրօգտագործողների ընկերությունները համարվում են ոռոգման ջուր ապահովող սուբյեկտներ, որոնք իրականացնում են ջրերի բաշխումը ջրօգտագործողների միջև։ Այս կառույցների աշխատանքը տեսանելի չէ և հնարավոր չէ իրականացնել վերլուծություններ և հետևություններ հետագա բաշխումն առավել արդյունավետ դարձնելու համար։ Այս կառույցները չունեն կայք, հաշվետու և թափանցիկ չեն իրենց աշխատանքում, քանի որ իրականացվող աշխատանքները չեն լուսաբանվում և շահառուների համար նույնպես շատ գործողություններ և որոշումներ անհասկանալի են համարվում։ Կայքի և միասնական էլեկտրոնային համակարգի բացակայության պայմաններում շատանում է մարդկային գործոնը շահառուների հետ հարաբերություններում, ինչի արդյունքում մեծանում է կոռուպցիոն ռիսկերը, տեսանելի չեն շահառուների՝ ջրօգտագործողների վճարումները, իրենց անհրաժեշտ ջրի տարեկան ծավալը, պետության բալանսում առկա ջուրը, անհրաժեշտ ջրի հաշվարկման բանաձևերը, հասկանալի չէ որոշումների կայացման գործընթացը և շահառուների դերն այդ գործընթացում, որպես մասնակցային կառավարման բաղադրիչ։ Մարդկային գործոնի մեծացմամբ նաև բարձրանում է ռիսկայնությունը ջրօգտագործողների ընկերությունների միջև հարաբերությունների և իրավահարաբերությունների կարգավորման տեսանկյունից։ Համաձայն ՀՀ բնապահպանության նախարարության ջրօգտագործողների թույլտվությունների տարեկան հաշվետվությունների գնալով տարեցտարի նվազում է ջրօգտագործողների և/կամ ջրօգտագործող ընկերությունների/միությունների դիմումները ջրօգտագործման թույլտվության ստացման և/կամ ջրօգտագործման թույլտվության ժամկետները երկարաձգելու հայտերը։ Այսպես 2015 թվականին գործակալությունը ստացել է 624 հայտ ջրօգտագործման թույլտվության, ժամկետների երկարաձգման համար, 2016 թվականին՝ 368 հայտ, 2017 թվականին՝ 303 հայտ, իսկ 2018 թվականի ապրիլ ամսվա դրությամբ՝ 170 հայտ։

Last modified: