2018-2019 թվականների ընթացքում Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ չորս կառույցներ, այդ թվում նաև Բոլորը հանուն հավասար իրավունքների հիմնադրամը իրականացրեցին խորքային հետազոտություն Հայաստանում, մասնավորապես Գյումրի քաղաքում բավարար կենսամակարդակի՝ բնկարանային իրավունքի և բնակարանային բավարար պայմանների վերաբերյալ՝ շեշտադրվելով 1988 թվականի երկրաշարժի հետևանքով անօթևանություն ձեռք բերած քաղաքացիների խնդիրները։ 2019 թվականի սեպտեմբերի 6-ին, Երևանում կայացավ զեկույցի ներկայացումը ՀՀ պետական մարմիններին և քաղաքացիական հասարակության տեղական ու միջազգային կառույցներին, որի ընթացքում Վանուհի Գասպարյանը հանդես է եկել ելույթով, մեջբերումներ անելով նաև ՄԱԿ-ի Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների կոմիտեին ներկայացվելիք զեկույցից։ Ստորև կարող եք ընթերցել ելույթի սղագրված տարբերակը՝
1988 թվականի երկրաշարժից հետո շատերը կորցնելով իրենց բնակարանները, իսկ շատերն էլ մնալով վթարային շենքերում, ոմանք էլ տարիների ընթացքում նոր ընտանիքներ կազմելով վարձակալած տնակներում բնակվելով դարձան փաստացի անօթևաններ: Իսկ ավելի ուշ՝ ճակատագրով՝ անօթևաններ։
Չնայած դրան, ոչ բոլորը ձեռք բերեցին «երկրաշարժի հետևանքով անօթևանի» կարգավիճակ: Այդ կարգավիճակը սահմանվեց ՀՀ կառավարության 1999 թ. հունիսի 10-ի թիվ 432 որոշմամբ, որում ասվում է «անօթևան են համարվում այն ընտանիքները, որոնց բնակարանները երկրաշարժի հետևանքով փլուզվել կամ բնակության համար ոչ պիտանի են դարձել»:
Տվյալ կարգավորումը վերաբերում է միայն բուն երկրաշարժի արդյունքում քանդված կամ քանդման ենթակա շենքերի բնակիչներ հանդիսացող քաղաքացիներին:
Մինչդեռ, երբ երկրաշարժից վնասված շենքերը ձեռք են բերել վթարայնության բարձր աստիճան պետության անգործության 30 տարիների ընթացքում, այդ ուղղությամբ որևէ իրավական կամ փաստացի գործողության միջամտություն չի արվել մինչ օրս, ոչ 432 որոշման փոփոխությամբ և ոչ էլ իրավական այլ ակտերի միջոցով:
Պետության կողմից պատշաճ կերպով չի իրականացվել շենքերի վթարայնության գնահատումը, չի դիտարկվել երկրաշարժի արդյունքում տուժած և հետագա 30 տարիների ընթացքում վթարայնության սաստիկ աստիճանի հասած շենքերի վիճակը, որում բնակվող անձինք ըստ ՀՀ օրենսդրության չունեն բնակարանային փոխհատուցման իրավունք:
Իրավական ակտերի, կառավարության որոշումների համապարփակ ուսումնասիրության, ժամանակագրական հերթականության և ժամանակի ընթացքում օրենսդրության խմբագրումների դիտարկումը փաստացիորեն հանգեցրեց վատագույն եզրակացության․ աղետի գոտուն վերաբերող ՀՀ օրենսդրության փոփոխությունները պայմանավորված են եղել ժամանակի թելադրանքով ի հակասություն քաղաքացու բնական շահերին, ի հակադրություն մարդու արժանապատվությանը, ի հակադրություն լավագույն շահի սկզբունքին, ինչի պայմաններում երկամյա օրենքները վերածվեցին տասնամյա օրենքների իսկ տասնամյաները երկարաձգվեցին առ այսօր՝ ընդգրկելով մի ամբողջ ժողովրդի հիշողություն՝ 30 տարի, ավելին, քան մեկ սերունդ։
Այժմ ցանկանում եմ բերել մեկ-երկու մասնավոր դեպք մեր իրականությունից՝ դրանով երաշխավորելով վերոհիշյալ տողերիս օբյեկտիվությունն ու ամրագրել ոլորտում առկա լրջագույն խնդրի շտապ լուծման անհրաժեշտությունը։
Աշխատանքային խմբի անդամներիս կողմից ուսումնասիրության ենթարկված 4-րդ աստիճանի վթարային շենքում մարդիկ բնակվում են 1989 թվականից և առ այսօր պետության կողմից չեն ստացել որևէ աջակցություն կամ փոխհատուցում, երբևէ չի իրականացվել շենքի վերանորոգում, վերակառուցում, պատկան մարմինների կողմից իրենց նախաձեռնությամբ չեն իրականացվել որևէ հանդիպումներ կամ խորհրդատվություններ բնակիչների հետ՝ նրանց կենսապայմաններին ծանոթանալու նպատակով։
Շենքում ինքնափլուզումները սովորական երևույթ են: Եթե հասել ենք այստեղ, ապա տեղին կլինի այս պարագայում պատմել այն մասին, թե ինչպես կարող է բնակիչը երկրորդ հարկից հայտնվել առաջին հարկում սեփական տան զուգարանից օգտվելիս։ Եթե նմանօրինակ խնդիրները կարգավորվում են իրավական որևէ ակտերով կամ մարդասիրական որևէ սկզբունքներով, ապա ուրախ կլինեինք իմանալ նաև այդ մասին։ Շարունակելով նկարագրել շենքի վիճակը, պետք է նշեմ, որ տեղազննության ընթացքում հայտնաբերել ենք, որ կոյուղատարերը բավականին հին են, ոչ մի անգամ չեն վերանորոգվել կամ փոխվել, կոյուղաջրերը լցվում են նկուղները և դրանք օգտագործման ենթակա չեն, շենքում գարշահոտություն է և ամենուր առնետներ են, որոնք, ինչպես իմացանք հետագայում, բազմիցս վտանգել են շենքի բնակիչների, մասնավորապես նորածին երեխաների կյանքը։
Շենքում խոնավության աստիճանն այնքան բարձր է, որ բնակարաններում որևէ վերանորոգում անելն անիմաստ է։ Պատերը կիսափուլ են, մարդիկ ապրում են կյանքին սպառնածող վտանգավորության պայմաններում։
Նշեմ, որ շենքն ունի 7 մուտք, 53 ընտանիք (180 բնակչով) և նրանցից ոչ մեկը չունի անօթևանի կարգավիճակ: (Ներկայումս նշված շենքն ընդգրկվել է մարզի 2020-2022թթ-ի միջնաժամկետ ծախսային ծրագրի հայտում)
Ամփոփելով այս խնդիրը հարկ եմ համարում նշել և բոլորի ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ ներկայումս վթարային շենքում բնակվող բնակիչների կարգավիճակը չի համապատասխանում ՄԱԿ-ի Տնտեսական, սոցիալական և մշակութային դաշնագրի չափորոշիչային պահանջներին։ Հարկ եմ համարում նշել նաև այն, որ ՀՀ օրենսդրությունը և դե ֆակտո՝ բնակիչների կարգավիճակը ուղղակիորեն հակասում է դաշնագրի 11-րդ հոդվածին՝ ստեղծելով պարարտ հող ոչ միայն արտագաղթի, հիվանդությունների ու մահացությունների աճի, բնակչության կենսապայմանների վատթարացմամբ պայմանավորված աղքատության խորացման, կրթական և մշակութային հետընթացի համար, այլև նպաստում է իրավական երկրում քաղաքացու պաշտպանված և պետության հովանու ներքո կյանքի համար անհրաժեշտ պայմանների երաշխիքից զրկված միջավայրի ստեղծմանը։
Հաջորդ խնդիրը, որին կուզենամ անդրադառնալ ՀՀ կառավարության 2009 թ-ի նոյեմբերի 26-ի թիվ 1402-Ն որոշման 2-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերությանբ սահմանվող պայմանն էր, ըստ որի «կառուցված բազմաբնակարան շենքերից (բնակելի տներից) հատկացվող բնակարանի (բնակելի տան) չափի որոշման ժամանակ ընտանիքի կազմում չի հաշվառվում անհրաժեշտ հիմնավոր փաստաթղթեր ներկայացնելու համար պատշաճ ձևով իրազեկված ընտանիքի այն անդամը (երկրաշարժի հետևանքով քանդված հասցեում հաշվառված, ՀՀ քաղաքացի հանդիսացող), որի վերաբերյալ ընտանիքի մնացած բոլոր չափահաս անդամների կողմից տրված գրավոր հայտարարության համաձայն անհնար է ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը»:
Նշված իրավիճակում ընտանիքի տվյալ անդամի բնակարանային ապահովման նկատմամբ պետական պարտավորությունները համարվում են կատարմամբ դադարեցված և հետագայում ի հայտ գալու պարագայում նրա բնակարանային ապահովման պատասխանատվությունը կրում են պետական աջակցության ծրագրերի շրջանակներում բնակարան (բնակելի տուն) ստացած և գրավոր հայտարարություն տված ընտանիքի բոլոր չափահաս անդամները:
Գործնականում հանդիպել են դեպքեր, երբ այս կետի կիրառման արդյունքում սենյակների թիվ է նվազել, և պահանջը արդեն փոխհատուցում ստացած ընտանիքներին անհամաչափ է եղել: Իսկ պետությունը լիարժեք չկատարելով իր պատկավորությունը համարել է այն դադարեցված:
Ոլորտի պատասխանատուների պնդմամբ, որոշման այս կետն անհրաժեշտ էր, քանի որ շատերը բացակայում էին հանրապետությունից և, որպեսզի, ընտանիքի մյուս անդամներն էլ չզրկվեին բնակարան ստանալու իրենց իրավունքից, այս տարբերակն ընդունվեց:
Սակայն գործնականում բացմաթիվ էր դեպքերը, երբ քաղաքացիները խարդախության, կոռուպցիայի, ինչպես նաև իրենց ընտանիքի անդամների կողմից խաբեության զոհ դառնալով՝ զրկվել են բնակարանային փոխհատուցման իրենց իրավունքից վերոգրյալ դրույթի կիրառման արդյունքում։
Այպիսով, երկրաշարժի արդյունքում անօթևան մնացած անձանց բնակարանային փոխհատուցման տրամադրումը կարգավորող իրավական դաշտը անհստակ է եղել և պարունակել է բազմաթիվ բացեր:
Ես՝ որպես բազմամյա փորձառություն ունեցող իրավաբան, ով աշխատելով Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնում տարվա կտրվածքով հազարից ավելի քաղաքացիների խորհրադտվություններ է տրամադրում, այլ բնորոշում չեմ գտնում, քան ասել, որ Հայաստանի տրամաչափով սա դարի հանցագործություն է ուղղված սեփական ժողովրդի և՛ ֆիզիկական և՛ բարոյահոգեբանական վիճակի քայքայման դեմ, գործողությունների շարք, որոնք նվաստացնում են մարդուն՝ զրկելով բարեկեցիք կյանքով ապրելու իր միակ հնարավորությունից։
Last modified: