Սեպտեմբերի 6-ին կայացավ «Հզորացնելով կանանց. թվային պաշտպանություն ատելության խոսքի դեմ» ծրագրի շրջանակներում իրականացվող «1519 ատելություն կանանց թիրախավորող առցանց ատելության խոսքը Հայաստանում. մարտահրավերներ և լուծումներ» թեմայով պանելային քննարկումը։ Քննարկմանը ներկա էին պետական գերատեսչությունների, քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ովքեր համախմբվել էին՝ քննարկելու Հայաստանում կանանց նկատմամբ առցանց ատելության խոսքի դեմ պայքարի մարտահրավերները և լուծումները։

Բոլորը հանուն հավասար իրավունքների հիմնադրամի (ԲՀՀԻ) կողմից իրականացված հետազոտությունը փաստում է, որ հայալեզու առցանց տիրույթում ատելության խոսքը կանանց նկատմամբ աճում է՝ նպաստելով հասարակությունում կարծրատիպերի ամրապնդմանը։ Հետազոտության արդյունքները ներկայացվեցին քննարկման մասնակիցներին՝ ընդգծելով, որ թեև խնդիրը լրջագույն մարտահրավեր է պետության և հասարակության համար, այդ ուղղությամբ անհրաժեշտ քայլերը դեռևս չեն իրականացվում։

Քննարկման առանցքային թեմաները

Պանելային քննարկման ընթացքում ներկայացվեցին «Կանանց թիրախավորող առցանց ատելության խոսքը Հայաստանում» հետազոտության շուրջ բացահայտումները և դրանցից բխող լուծումների հիմնական չորս ուղղությունները՝

  • Թվային քաղաքականություններ՝ կանանց պաշտպանություն ապահովող նոր ռազմավարությունների մշակման համար։
  • Կրթական բարեփոխումներ՝ առցանց ատելության խոսքի իրազեկման մակարդակը բարձրացնելու նպատակով։
  • Լրատվամիջոցների ինքնակարգավորում՝ էթիկական նորմերի կիրառման ապահովման համար։
  • Իրավական բարեփոխումներ՝ օրենսդրական բացերը լրացնելու և միջազգային փորձը կիրառելու միջոցով։

Բանախոսները շեշտեցին, որ թվային միջավայրում կանանց համար անվտանգ առցանց միջավայր ստեղծելու և հարգալից հաղորդակցություն ապահովելու համար անհրաժեշտ է համատեղ աշխատանք՝ պետական կառույցների, հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների միջև։ Այս ջանքերը ոչ միայն կնպաստեն կանանց ներգրավվածության աճին հանրային դաշտում, այլև կնվազեցնեն առցանց միջավայրում կարծրատիպերի և բացասական ազդեցության տարածմանը։

Քննարկման արդյունքում առաջարկվեցին նաև կրթական բարեփոխումներ՝ հանրակրթական և բարձրագույն հաստատություններում ծրագրերի ներդրման միջոցով՝ ուղղված հանրության իրազեկվածության բարձրացմանը։

ՀՀ ԱՆ-ի ներկայացուցչի կողմից անդրադարձ եղավ առկա օրենսդրական բացերին, խոսվեց այն մասին, որ այդ բացերը լրացնելու համար պետք է մշակվեն հատուկ օրենսդրական նախագծեր, որոնք կներառեն կանանց նկատմամբ առցանց ատելության խոսքի քրեականացում կամ վարչական պատասխանատվություն։ Միջազգային փորձի ինտեգրման հարցում առաջարկվեց, որ անհրաժեշտ է ուսումնասիրել և ներառել այլ երկրների հաջողված փորձը՝ առցանց հանցագործությունների դեմ պայքարի ուղղությամբ։ Այս ուղղությամբ անհրաժեշտություն կառաջանա նաև ստեղծելու մասնագիտացված մարմիններ, որոնք կհետաքննեն առցանց ատելության խոսքի դեպքերը։

ՀՀ ԿԳՄՍՆ  ներկայացուցչի կողմից անդրադարձ եղավ առաջարկվող կրթական բարեփոխումներին․ մասնավորապես ընդգծեց կրթական համակարգի միջոցով առցանց ատելության խոսքի իրազեկման բարձրացման կարևորությունը։ Սա ներառում է դպրոցներում հատուկ ուսումնական նյութերի ներդրում։ Կարևորվեց կրթական հաստատություններում թվային գրագիտության և առցանց անվտանգության ներառումը։

ՀՀ ԱԺ պատգամավոր՝ ՄԻՊ հանձնաժողովի կողմից առաջարկվեց իրականացնել օրենսդրական քննարկումներ, որոնք կներառեն կանանց նկատմամբ առցանց ատելության խոսքի կանխարգելման մեխանիզմները։ Կարևորվել է Կառավարության և քաղաքացիական հասարակության համագործակցությունն այս հարցում։

ԶԼՄ-ների Էթիկայի Դիտորդ մարմնի ներկայացուցչի հետ համաձայնություն ձեռք բերվեց, որ Դիտորդ մարմնի առաջիկա նիստում կքննարկվեն հետազոտության առաջարկները էթիկական սկզբունքների Կանոնագրում ներառելու հնարավորությունը։

Պանելային քննարկումը դարձավ կարևոր հարթակ՝ միավորելու ջանքերը, խթանելու համագործակցությունը և ապահովելու, որ հաղորդակցման բոլոր մակարդակներում պահպանվեն էթիկական նորմերը։

«Հզորացնելով կանանց. թվային պաշտպանություն ատելության խոսքի դեմ» ծրագիրը կարևոր քայլ է ներառական և անվտանգ առցանց միջավայրի ստեղծման ուղղությամբ։

Բոլորը հանուն հավասար իրավունքների հիմնադրամը կոչ է անում բոլոր շահագրգիռ կողմերին համախմբել ջանքերը՝ միասին կառուցելու ավելի հարգալից ու հավասար հնարավորություններով հասարակություն։

———-

«Հզորացնելով կանանց. թվային պաշտպանություն ատելության խոսքի դեմ» նախագիծն իրականացվում է «ՀԱՎԱՍԱՐ – ԵՄ-ն հանուն կանանց իրավազորման Հայաստանում» Ծրագրի շրջանակներում՝ ՕքսԵՋեն հիմնադրամի, «Եվրոպական գործընկերություն հանուն ժողովրդավարության» ՀԿ-ի, «Նիդեռլանդների հելսինկյան կոմիտե» ՀԿ-ի, «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ի, «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամի կողմից, «Վիննեթ Շվեդիա» ՀԿ-ի հետ համագործակցությամբ:

Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։

 

 

 

Last modified: