ԲՀՀԻ հիմնադրամում 2021 թվականի օգոստոսից, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի կառավարության աջակցությամբ իրականացվող «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագրի շրջանակում, մեկնարկեց «Էլեկտրոնային գրագիտության և թվային անվտանգության դպրոց» ծրագիրը։ Ծրագրի հիմնական նպատակն է բարձրացնել երիտասարդների էլեկտրոնային գրագիտության և թվային անվտանգության իրազեկվածության մակարդակը և նպաստել կարողությունների զարգացմանը։ Ծրագրի երկրոդ փուլի նպատակն է խթանել ՔՀԿ-ների թվային անվտանգության կարողությունների զարգացմանը՝ անհատական դասընթացների, խորհրդատվությունների և աուդիտների միջոցով։

Ծրագիրն ունի մի քանի բաղադրիչ՝

Փուլ 1-ին

  • Էլեկտրոնային գրագիտության և թվային անվտանգության դպրոցի (այսուհետ՝ Թվային դպրոց) հիմնում։
  • Թվային անվտանգության վերաբերյալ հետազոտությունների իրականացում դպրոցի շրջանավարտների կողմից։
  • Թվային դպրոցի շրջանավարտների կողմից փորձի-փոխանակման դասընթացների անցկացում։
  • Թվային անվտանգության և էլեկտրոնային գրագիտության վերաբերյալ ուսուցողական ձեռնարկի ստեղծում։
  • ՔՀԿ-ների թվային անվտանգության համախոհների ցանցի ստեղծում։

Փուլ 2-րդ

  • Համախոհների ցանցում ներգրավված ՔՀԿ-ների իրազեկվածության բարձրացում և կարողությունների զարգացում՝ անհատական դասընթացների և խորհրդատվությունների միջոցով։
  • Համախոհների ցանցում ներգրավված ՔՀԿ-ների  շրջանում թվային անվտանգության աուդիտի անցկացում և վերլուծություն, առաջարկների մշակում
  • Հայաստանյան ՔՀԿ-ների թվային և ֆիզիկական անվտանգության քաղաքականության ստեղծում և հասցեագրում։

Ծրագրի իրականացման առաջին փուլում Հիմնադրամը հաջողությամբ իրականացրել է իր առջև դրած խնդիրները, մասնավորապես․

  1. Շիրակի մարզում հիմնվել է Թվային դպրոց, որտեղ 3 ամիս տևողությամբ սովորել և ավարտել են 15 պատանիներ և երիտասարդներ։
  2. «Թվային անվտանգությունը երիտասարդների շրջանում» և «Էլեկտրոնային գրագիտության նշանակությունը կրթական հաստատություններում» թեմաներով իրականացվել են ուսումնասիրություններ Թվային դպրոցի շրջանավարտների կողմից։
  3. Շիրակի մարզում գործող ՔՀԿ և ուսումնական հաստատություններում, շահառուների և աշխատակիցների համար անցկացվել են Մեդիագրագիտության, թվային անվտանգության և էլեկտրոնային գրագիտության թեմայով փորձի փոխանակման դասընթացներ, որի արդյունքում ՔՀԿ-ներում և կրթօջախներում մասնակիցները խորացրել են իրենց բազային գիտելիքները, իսկ Թվային դպրոցի խորացված ուսուցմանը մասնակցած շրջանավարտները զարգացրել են իրենց դասավանդման և փորձի փոխանակման հմտություններն ու կարողությունները։
  4. Մշակվել է «Թվային անվտանգության և էլեկտրոնային գրագիտության» թեմայով ուսուցողական ձեռնարկ, որը նպաստում է առավել մեծ լսարանի իրազեկվածության բարձրացմանը։
  5. Ստեղծվել է համախոհների ցանց (այսուհետ՝ Ցանց), որին միացել են 20 և ավելի ոլորտով հետաքրքրված և գործունեություն իրականացնող կառույցներ և անհատներ։ Ցանցի համագործակցության ոլորտներն են՝
  • Թվային անվտանգություն և թվային ռիսկերի կանխարգելում,
  • Էլեկտրոնային գրագիտություն,
  • Էլեկտրոնային հաղորդակցություն,
  • Թվային անվտանգություն և էլեկտրոնային գրագիտություն աշխատաշուկայում և կրթական միջավայրում,
  • Անձնական տվյալների պաշտպանություն,
  • Անվտանգությունն առցանց սոցիալական միջավայրում,
  • Ֆիզիկական անվտանգությունը թվային անվտանգության համատեքստում,
  • Մեդիագրագիտություն և քննադատական մտածողություն։

Այս ողջ ընթացքում տեղեկատվական, ուսուցողական և իրազեկող նյութեր են հրապարակվել հիմնադրամի կայքում և սոցիալական մեդիայի էջերում, որի արդյունքում հարյուր հազարավոր օգտատերեր իրազեկվել են թվային անվտանգության և էլեկտրոնային գրագիտության համատեքստում։

Ծրագրի շրջանակում 2022 թվականի հունիսի 1-ից մեկնարկել է ՔՀԿ-ների կարողությունների զարգացման փուլը, որի շրջանակում պլանավորվում է Ցանցին միացած բոլոր կառույցների շրջանում իրականացնել թվային անվտանգության դասընթացներ։

Դասընթացի շրջանակում մասնակիցներին են ներկայացվելու կազմակերպությունների թվային անվտանգության երեք հիմնական ուղղությունների վերաբերող հիմնահարցերը՝

  1. Թվային անվտանգությունը կազմակերպության կառավարման համատեքստում։
  2. Թվային անվտանգությունը կազմակերպության հաղորդակցության և փաստաթղթաշրջանառության համատեքստում։
  3. Կազմակերպության շահառուների թվային անվտանգության վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձարցում։

Դասընթացները բաղկացած կլինեն տեսական և գործնական հատվածներից։

Միառժամանակ Ցանցին միացած հինգ կառույցների շրջանում հայտարարվելու է թվային անվտանգության անհատական աուդիտի և խորհրդատվության իրականացման կանչ։ Կազմակերպվելու են այցելություններ, որոնց ընթացքում ՔՀԿ-ների ֆիզիկական տարածքներում իրականացվելու է աուդիտի աշխատանքներ, որոնց արդյունքների վերլուծությամբ ներկայացվելու են առաջարկներ։

Թվային անվտանգության կարողությունների զարգացման, թվային անվտանգության անհատական աուդիտի և խորհրդատվությունների կազմակերպման նպատակով ԲՀՀԻ հիմնադրամը համագործակցում է Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտի և «CyberHUB» կիբերանվտանգության աջակցության համար ստեղծված նախաձեռնության հետ, որի նպատական է կիբերանտվանգության հետ կապված միջադեպերի աջակցության թիմի և դրանց հետաքննության լաբորատորիայի միջոցով աջակցել ՔՀԿ-ներին, իրավապաշտպաններին, ակտիվիստներին, լրագրողներին և անկախ լրատվամիջոցներին։

Վերոնշյալ փուլում պլանավորվում է նաև մշակել թվային անվտանգության քաղաքականություն ՔՀԿ-ների համար։ Այն իր մեջ ներառելու է թվային անվտանգության ապահովման դրույթներ, պայմաններ և պահանջներ, մեթոդներ և գործիքներ, լիազորությունների սահամանափակման, տվյալների հավաքագրման, մշակման, պահպանման և ոչնչացման վերաբերյալ մոտեցումներ։ Թվային անվտանգության քաղաքականությունն ամբողջովին ծածկելու է կազմակերպությունների կառավարմանը, մարդկային ռեսուրսների կառավարմանը, հաղորդակցությանը, փաստաթղթաշրջանառությանը, տվյալների հետ աշխատանքին, էլեկտրոնային և թվային միջավայրում գործունեություն իրականացնելուն վերաբերող հիմնական հարցերը՝ ներկայացնելով դրանց կարևորությունը և այն պայմանների ստեղծումն ու ապահովումը, որոնք պարտադիր են։ Քաղաքականությունը նաև անդրադառնալու է շահառուների անձնական տվյալների պահպանմանը, շահառուների իրազեկվածության մակարդակի բարձրացման ուղղությամբ տարվելիք աշխատանքներին։

Թվային անվտանգության քաղաքականությունը տրամադրվելու է Ցանցին միացած բոլոր կառույցներին և հրապարակվելու է ԲՀՀԻ հիմնադրամի կողմից՝ ապահովելով դրա հասցեագրումը ՀՀ-ում գործող ՔՀԿ-ներին։

 

Last modified: