Բարեվարքության համակարգն ու կոռուպցիայի թվի նվազման մասին
Հասմիկ Պետրոսյան
«Կոնտակտ պլյուս» իրավապաշտպան ՀԿ նախագահ, իրավապաշտպան
Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարում շատ մեծ դեր ունի բնակչության իրավագիտակցության բարձրացումը, որը պետք է խրարխուսված լինի համամարդկային և բարոյական նորմերի վրա, քանզի բոլոր իրավական նորմերի հիմքը պետք է լինի բարոյականությունը։ Մարդը կատարում է իր աշխատանքը ոչ թե որևէ մեկից ինչ-որ բան ակնկալելով, այլ կատարում է աշխատանք և վարձատրվում դրա համար։ Շատ կարևոր է, որ հասարակության յուրաքանչյուր անդամ հասկանա, որ պետական և համայնքային պաշտոնյաները իր վարձու աշխատողներն են։ Բարեվարքության համակարգի ներդրումը առանց հասարակությանը կրթելու կարող է նույնքան անարդյունավետ լինել, որքան գոյություն ունեցող և գործող շատ ու շատ օրենքներ ու ենթաօրենսդրական ակտեր։
——————————————————–
Բարեվարքության համակարգն ու կոռուպցիայի թվի նվազումն ու ազդարաման համակարգը․
Գայանե Գևորգյան Փաստաբան, հակակոռուպցիոն փորձագետ
Քաղաքակիթ հարասարակության գործունեության իրականացման, այդ թվում հակակոռուպցիոն պայքարի իրականացման նախապայմաններից է հանդիսանում հաղորդակցման հմտությունների առկայությունն ու բարեվարքության համակարգի ներդրումը: Ներկայումս բազմաթից կազմակերպություններ, որպեսզի իրականացնեն իրենց կանոնադրական նպատակները, ներդնում են բարեվարքության համակարգ, կազմում ու տարածում են հակակոռուպցիոն ռազմավարություններ, ինչպես նաև ներդնում են բարեվարքության համակարգ իրենց աշխատանքներում: Այս ամենն կատարվում է այն հաշվարկով, որ բարեվարք համակարգն ու ընդհանուր հաղորդակցումն խլում է աշխատանքի մոտ 75%:
Այսպես, պետության կողմից ձեռնարկված քայլերի արդյունքում կանոնակարգվում է բացառապես դիվանագիտական հարաբերությունների ընթացքում նվերների ընդունման կարգը: Դրան ավելանում է նաև բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից գույքի ու եկամուտների հայտարարագիր տալու պարտականությունը:
Ճիշտ է օրենսդրական փոփոխությունները նախատեսում են նաև հանրային պաշտոններ զբաղեցնող անձանց կողմից հայտարարագիր ներկայացնելու կարգ, սակայն այն դեռ կիրառման չի դրվել:
Շատ կարևոր է նաև անհամատեղելիության ու շահերի բախման դեպքերի վերաբերյալ քննությունների իրականացումը: Պետք է հատկապես ուշադրություն դարձնել այն հանգամանքին, թե կատարված աշխատանքի առնչությամբ ինչ հաճախականությամբ է ներկայացվում հաշվետվություն, արդյոք իրականացվում է որակների ստուգում, կատարված աշխատանքի որակական ստուգում: Անհրաժեշտ է պատշաճ ու մշտական բնույթ կրող միջոցառումների համակարգի մշակում՝ որակական ստուգումների համար:
Պատշաճ որակի և շարունակական զարգացման համար կարևոր է նաև հակակոռոպցիոն կրթության, բարեվարքության համակարգի մասնավոր ոլորտ ներդրմանն ուղղված գործողությունների կատարումը:
Ազդարարման համակարգի նշանակությունը և գաղտնիությունը․
Այս երկու եզրույթների ապահովումը պետք է լինի ռազամավարական ուղեցույց բոլոր կառույցների ու գործատուների համար: Համաձայն գործող օրենքի ազդարարման համակարգն առավել լայն հնարավորություններ են տրամադրում կոռուպցիայի դեմ պայքարում, քան կիրառվում է պրակտիկ կյանքում: Պետք է հասկանալ, որ հակակոռուպցիոն պայքարի արդյունավետության համար անհրաժեշտ է ազդարարման համակարգի գործունեության ակտիվացում, արդյունքների թափանցիկություն ու հաշվետվողականություն: Ընդհանուր արժեհամակարգից դուրս գալով, ներկայումս ազդարարման ինստիտուտից օգտվում են եզակի անձինք, ինչը նշանակում է, որ մարդիկ գերակշիռ մեծամասնությամբ խուսափում են ազդարարել կոռուպցիայի մասին:
Հավելեմ, որ գործերի մեծ մասում առկա է նաև հետագայում հաշվեհարդար տեսնելու ռեալ վտանգ: Այսպես գործող իրավակարգավորումները նախատեսում են գաղտնիության ապահովում /ընդհուպ մինչև կերպարանափոխությունը/, սակայն դա վերաբերում է միայն տուժողներին: Իսկ գործով կարող է բողոք ներկայացնել նաև վկան, ինչը նշանակում է, որ առկա է հաշվեհարդար տեսնելու խնդիր:
Ուստի անհրաժեշտ է ազդարարման համակարգի առնչությամբ հանրային հնչեղությունն ապահովել, արդյունքների պարագայում լուսաբանել:
——————————————————–
Կոռուպցիայի կանխարգելմանն ուղղված պետական ծրագրերի մասին․
Սեյրան Մարտիրոսյան
Ա․Դ․Սախարովի անվան ՄԻ հայկական կենտրոնի Շիրակի տարածաշրջանային կենտրոնի ղեկավար, իրավապաշտպան
Հայաստանում շատ երկար քաղաքականություններն ու քաղաքական որոշումներն ընդունվել են՝ սպասարկելով մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաների անձնական, կորպորատիվ կամ կլանային շահերը՝ կոռուպցիային տալով համակարգային բնույթ ու այն հասցնելով պետության «զավթման» աստիճանի, հետևաբաև դրա կանխարգելմանն ուղղված ներկայիս քայլերը, օրենսդրությունն ու գործիքները բավարար չեն: Կոռուպցիայի արմատական պատճառներից շատերն այս կամ այն չափով շարունակում են գործել, որին նպաստում է իշխանության ճյուղերի միջև զսպման և հակակշիռների համակարգի անկատարությունը՝ դատարաններն անկախ չեն, Ազգային ժողովը ստորադասված է Գործադիր մարմնին, տնտեսության մենաշնորհացումը լիարժեքորեն հաղթահարված չէ, սոցիալական բևեռացումը և աղքատության բարձր մակարդակը պահպանվում են, օրենքի, առավել ևս իրավունքի գերակայությունն ու բարեվարքությունը ամենօրյա կիրառման և համընդհանուր նորմեր չեն, հասարակական մասնակցության և վերահսկողության լիարժեք ու աշխատող մեխանիզմեր չեն ստեղծվել, որոշում կայացնողների վրա ազդեցության գործիքները խորհրդանշական են, հանրային ծառայությունները չեն ձերբազատվել շահերի բախումից: Նաև մեր հասարակությունում շատ երկար ձևավորված ու կարծրացած սովորույթներն ու կենսակերպը չեն նպաստում կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողական վերաբերմունքի ձևավորմանը։ Նաև այժմ կոռուպցիայի դեմ պայքարում իմիտացիան ավելի շատ է, քան իրական քայլերը։ Վերջին համայնքային ընտրությունները ցույց են տալիս, որ քաղաքական կոռուպցիան, վարչական ռեսուրսի օգտագործումը վերադառնում են ընտրական համակարգ։
Կոռուպցիայի դեմ ավելի լիարժեք պայքարը ենթադրում է կանխարգելման ինստիտուտների ու բարեվարքության համակարգերի հետագա ամրապնդում՝ դատարանների իրական անկախություն, , ազդարարների պաշտպանության ռեալ մեխանիզմների կիրառում, կուսակցությունների ֆինանսավորման կոռուպցիոն մեխանիզմների բացահայտում/բացառում, հայտարարագրերի ինստիտուտի կատարելագործում, շահերի բախման բացառման ընթազակարգերի մշակում, ՏԻՄ-երից մինչև կառավարման կենտրոնական մարմիններ կոռուպցիոն ռիսկերի կառավարում, ծառայողների բոլոր տեսակների վարքականոնների մշակում։ Կարևոր է նաև միջազգային համագործակցության ծավալումը՝ կոռուպցիայի հետևանքով դուրս հանված ակտիվները Հայաստան վերադարձնելու ուղղությամբ: Կոռուպցիայի կրճատման համար արդյունավետ մեխանիզմ է օրենսդրական հիմքերի ստեղծումը իրավաբանական անձանց պետական գրանցման գործընթացում ընկերությունների իրական սեփականատերերի, այդ թվում՝ քաղաքական ազդեցություն ունեցող անձանց վերաբերյալ տեղեկատվության բացահայտումը։
——————————————————–
Հակակոռուպցիոն մարմինների աշխատանքի արդյունավետության վերաբերյալ
Անահիտ Մկրտչյան
Փաստաբան
Հաշվի առնելով, որ հակակոռուպցիոն մարմինները նորաստեղծ են, դրանց առջև ծառացած մարտահրավերները ամենատարբեր բնույթի են՝ սկսած նյութատեխնիկական և շենքային ապահովումից մինչև մարդկային ռեսուրսների պակասն ու հաստիքների անբավարարությունը։ Օրինակ՝ Հակակոռուպցիոն կոմիտեն ստեղծման օրվանից ի վեր բարձրացնում է իր աննախադեպ ծանրաբեռնվածության խնդիրը, որի արդյունքում քննչական ենթակայությունը բազմիցս ենթարկվել է օրենսդրական փոփոխությունների՝ թեթևացնելով Կոմիտեի աշխատանքը։ Այդ խնդրի լուծման նպատակով 2022թ․-ի դեկտեմբերին նաև ավելացվել է Կոմիտեի հաստիքների թիվը 100 հաստիքով, ընդհանուր կազմելով՝ 270 հաստիք, սակայն Կոմիտեի քննությանը վերապահված հանցագործություններով քննությունը դեռևս ամբողջությամբ չի փոխանցվել Կոմիտեին։
Չնայած քրեական գործերով գրանցված հաջողությունների մասնավոր դեպքերին (օրինակ՝ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից բողոքի բավարարում), հակակոռուպցիոն մարմինների գործունեության արդյունավետությունը ընդհանուր առմամբ վաղ է գնահատել, քանի որ կարճ ժամանակահատված է անցել դրանց ստեղծումից և վերջիններս այս պահին լիարժեք ձևավորման գործընթացում են, օրինակ՝ Կոմիտեն դեռևս համալրում է թափուր հաստիքները, մշակում և ընդունում է անհրաժեշտ կարգերը, վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը ստեղծվել է ընդամենը ամիսներ առաջ՝ 2023 թ․-ի հունիսի 15-ին և այլն։ Սակայն, կոռուպցիայի դեմ պայքարի կարևոր նախադրյալներից և փոփոխություններից է նշված մարմինների աշխատակիցների/ծառայողների բարեվարքության ստուգումը։ Ընդհանրացնելով, կարծում եմ, որ կոռուպցիայի դեմ պայքարում կարևոր է ոչ միայն հակակոռուպցիոն մարմինների, այլ, առհասարակ յուրաքանչյուրի, այդ թվում՝ փաստաբանների, քաղաքացիական հասարակության, ԶԼՄ-ների ներդրումը։
——————————————————–
Հայաստանում հակակոռուպցիոն պայքարի վերաբերյալ
Նինա Կարապետյանց
«Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ , Փաստաբան
Կոռուպցիայի դեմ պայքարելու համար նախևառաջ անհրաժեշտ է գիտակցված մոտեցում և/կամ ցանկություն կոռուպցիան նվազագույնի հասցնելու համար։ Չեն կարող լինեն իրավիճակային լուծումներ՝ ըստ նպատակահարմարության, շատ կարևոր է ունենալ համակարգված մոտեցում։ Հետսովետական շատ երկրներ ժամանակին անցելով այս գործընթացն, ունեցել են և՛ լավ, և՛ վատ փորձ, հետևաբար օգտագործելով այդ փորձը, մենք կարող էինք ստեղծել մեծ համակարգ, որը կներդրվեր ՀՀ- ում կանխարգելելու կոռուպցիան կամ պայքարելու կոռուպցիայի դեմ։
Հակակոռուպցիոն պայքարում անհրաժեշտ է նախևառաջ ստեղծել նոր կառույցներ, որոնք կպայքարեին կոռուպցիայի դեմ, քանի որ գոյություն ունեցող բոլոր համակարգերը, բոլոր կառույցները որոնք կոչված են եղել պայքարելու կոռուպցիայի դեմ, իրենք իսկ եղել են մասնակիցը կոռուպցիոն գործընթացներում։ Այս առումով, թվում է թե ՀՀ-ում արվեցին առաջին քայլերը՝ ստեղվեցին կոռուպցիայի դեմ պայքարող տարբեր կառույցներ։
Հաջորդը կարևորագույն խնդիրն էր, թե ում միջոցով էին համալրվելու այդ հակակոռուպցիոն կառույցները։ Որպեսզի հակակոռուպցիոն մարիմինները չհամալրվեին արդարության, արդարադատության հետ որևէ աղերս չունեցող անձանցով, անհրաժեշտ էր իրականացնել հայտնի վեթինգն ու լուստրացիան, որի պարագայում որևէ մեկը ով նախկինում կոռուպցիայի մեջ ներգրավված է եղել և մաս է կազմել կոռուպցիայի համակարգում, հնարավորույթուն չունենար զբաղեցնել պաշտոն հակակոռուպցիոն մարմիններում։
Բավարար չէ ձևական առումով ունենալ բարեվարքության համակարգ, կարևորը որ այդ համակարգը գործի ճիշտ։
Ամենավառ օրինակներից է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի աշխատանքը․ շատ կարևոր աշխատանք է կատարվում, խորը վերլուծական աշխատանքներ է արվում, մեծ համագործակցություններ է ստեղծվում տարբեր կառույցների հետ, այդ թվում քաղհասարակության կառույցների հետ, սակայն դեռևս բարձր պաշտոններում նշանակվում են անձինք՝ անկախ հանձնաժողովի կողմից տրված գնահատականի, անձինք, ովքեր բացասական բնութագրեր են ստացել իրենց բարեվարքության վերաբերյալ։
Այսպիսով, բարեվարքության համակարգի ներդրումն իր իրական ազդեցությունը կունենա միայն այն ժամանակ, երբ բարեվարքության վերաբերյալ զեկույցները կդրվեն որոշումների հիմքում, ոչ թե ուղղակի կընթերցվեն։
Պարբերաբար գործադիր մարմինը կամ կոռուպցիայի դեմ պայքարող տարբեր մարմինները ներկայացնում են վիճակագրություններ տոկոսային հարաբերությամբ (օրինակ բացահայտումների վերաբերյալ վիճակագրություն)։ Նմանօրինակ վերլուծությունները, վիճակագրությունները այս պարագայում սխալ մոտեցում են, քանի որ, եթե նախկինում այս ուղղությամբ ոչինչ չեն արվել, այժմ ոչնչի նկատմամբ տոկոսային վիճակագրություն անելն ընդամենը ստեծում է տպավորություն մեծ թվային արտահայտությամբ։ Եթե իրականության մեջ փորձենք հասկանալ, թե ինչ տիպի գործեր են այս «բացահայտում» կոչվածների ցանկում, կհասկանանք, որ լուրջ, մեծ իմաստով բացահայտումներ չկան։ Օրինակ՝ դպրոցի տնօրենը նշանակել է պահակի հաստիքում այն անձին, ով պարապում է ֆիզկուլտուրայի դասերը և նմանօրինակ շատ այլ։
Այստեղ կարևոր է հասկանալ ունե՞նք ամբողջական վերջնական արդյունք, թե՝ ոչ։ Բավարար չէ քրեական գործ հարցուցելը, շատ կարևոր է այն, թե վերջնական դատական ակտով ի՞նչ ենք ստացել և, նաև, հետագայում այն Եվրոպական դատարանում բողոքարկվելուց հետո արդյո՞ք ՀՀ-ն մեծ վնասներ է կրելու, թե՝ ոչ։
Ցավալիորեն գործող համակարգերը, թափանցիկ չեն, հասկանալի չեն, հետևաբար նաև վստահելի չեն, մասնավորապես, եթե խոսենք ապօրինի գույքի բռնագանձման կոռուպցիոն գործընթացները։ Հասարակության համար հասկանալի չեն թե ինչի՞ շուրջ են գալիս համաձայնության, ի՞նչ գումարներ են մուծվում պետական բյուջե, արդյո՞ք այն համապատասխանում է իրական չափերին, թե՞ խոսքն ավելի մեծ գումարների մասին է, բայց համշտության համաձայնության են եկել առավել փոքր գումարներ մուծել պետական բյուջե և այլն։
Շատ կարևոր է հասկանալ, որ ազդարարաման համակարգը կաշխատի միայն մի դեպքում, երբ իրապես համակարգված պահպանվի գաղտնիությունը և, որպես հետևանք ազդարարի անվտանգությունը։
Ցանկացած երկրի ցանկացած քաղաքացի պատրաստ կլինի ազդարարի կարգավիճակ ստանձնել միայն մի պարագայում, եթե իր անվտանգությունը ապահովված լինի։ Հայաստանում դա հնարավոր չէ, քանի որ եթե չկա վեթինգված, լյուստրացված համակարգ, որտեղ պաշտոնյաները չպետք է լինեն փոխկապակցված հանցավոր համակարգերի հետ, շատ դժվար է պատկերացնել, որ արտահոսք չի լինելու և խնդիր չի առաջացնելու մարդկանց համար։
Միաժամանակ այս համակարգը, չի կարող վերածվել մի այլ տեսակի համակարգի, ինչպիսին Ստալինյան ժամանակներում էր, պետք է բացառել դեպքերը, երբ անանուն նամակներով հիմքեր էր ստեղծվում մարդկանց խուզարկելու։
Այսպիոսվ, համակարգը ավելի վերամշակելու, հնարավորինս առավելագույն որակի հասցնելուց հետո նոր հնարավոր կլինի օգտագործել այն որպես գործիք։
——————————————————–
Ազդարարման համակարգի կարևորությունը Հայաստանում և առկա ռիսկերը
Վանուհի Գասպարյան
Իրավաբան, «Իրավունքի անկյուն» խորհրդատվական-կրթական կենտրոնի հիմնադիր
Ազդարարման համակարգը կարող է կարևոր դեր խաղալ կոռուպցիոն ռիսկերի նվազեցման գործում: Այս համակարգը քաղաքացիներին և այլ շահագրգիռ կողմերին հնարավորություն է տալիս հայտնել կազմակերպությունների կամ պետական մարմինների ներսում կոռուպցիայի և այլ խախտումների մասին: Ազդարարման համակարգի առկայությունը կարող է զսպող միջոց լինել կոռուպցիայի դեմ (իմանալ, որ աշխատակիցները կամ քաղաքացիները կարող են զեկուցել կոռուպցիոն գործողությունների մասին, խրախուսում է անհատներին երկու անգամ մտածել՝ նախքան նման վարքագիծ դրսևորելը): Բացի այդ, ազդարարների տեղեկատվությունը կարող է արժեքավոր մեկնարկային կետ ծառայել հետաքննության համար: Այն իշխանություններին տրամադրում է տեղեկություններ և ապացույցներ, որոնք կարող են օգտագործվել կոռումպացված անձանց կամ կազմակերպությունների դեմ՝ գործեր հարուցելու համար:
Շատ կարևոր է նաև այն, որ Հայաստանը, ինչպես շատ երկրներ, միջազգային հակակոռուպցիոն համաձայնագրերին և չափանիշներին համապատասխանելու պարտավորություններ ունի ստանձնած: Ազդարարման արդյունավետ մեխանիզմների ներդրումը կարող է օգնել Հայաստանին կատարել իր միջազգային պարտավորությունները կոռուպցիայի դեմ պայքարում։
Այնուամենայնիվ, ազդարարման համակարգի արդյունավետությունը կախված է տարբեր գործոններից, այդ թվում՝ իրավական դաշտից, քաղաքական կամքից, ազդարարներին առաջարկվող պաշտպանությունից, իշխանությունների արձագանքից և հանրային իրազեկվածությունից, ռեսուրսներից և այլ: Կարևոր է նաև ապահովել, որ համակարգը հասանելի և հասկանալի լինի քաղաքացիների համար, որպեսզի նրանք կարողանան հեշտությամբ հայտնել խախտումների մասին:
Հայաստանը քայլեր է ձեռնարկել նման համակարգերի ստեղծման և ամրապնդման համար, սակայն դրանց հաջողությունը, ի վերջո, կախված է հակակոռուպցիոն ինստիտուտների և հասարակության հանձնառությունից:
Ինչ վերաբերում է ռիսկերին, ապա Հայաստանում, ինչպես նաև այլ երկրներում ազդարարման համակարգերի հետ կապված որոշ ընդհանուր ռիսկեր ներառում են.դիտարկենք համակարգի հնարավոր ռիսկերից մի քանիսը.
Քաղաքական միջամտությունը. համակարգը կարող է ենթարկվել քաղաքական ճնշման կամ մանիպուլյացիայի, ինչը կարող է նվազեցնել դրա անկախությունն ու արդյունավետությունը:
Հանրային վստահությունը. Եթե քաղաքացիները չեն վստահում ազդարարման համակարգին, նրանք կարող են չօգտագործել այն կամ նախընտրել անանուն մնալ՝ վախենալով կոռումպացված պաշտոնյաների հաշվեհարդարից:
Ռեսուրսների բացակայությունը. բողոքները լուծելու և հետաքննելու համար անբավարար ֆինանսավորումը կամ ռեսուրսները կարող են նվազեցնել համակարգի արդյունավետությունը:
Բյուրոկրատական խոչընդոտները. Բողոք ներկայացնելու դժվարությունները կամ մշակման երկար ժամկետները կարող են խանգարել քաղաքացիներին օգտվել համակարգից:
Հարկ է նշել, որ հակակոռուպցիոն պայքարում ազդարարման համակարգերի կարևորությունը միայն Հայաստանին չէ: Տեղեկատվությունը ողջ աշխարհում ճանաչվում է որպես արժեքավոր գործիք կոռուպցիայի հայտնաբերման և կանխարգելման համար, և շատ երկրներ աշխատում են ուժեղացնել իրենց ազդարարման մեխանիզմները՝ որպես հակակոռուպցիոն ավելի լայն ջանքերի մի մաս:
Այսպիսով, Հայաստանում ազդարարաման համակարգի արդյունավետությունը և դրանց նկատմամբ հանրային վստահությունը բարձրացնելու համար շատ կարևոր է շարունակական մոնիտորինգը և կատարելագործումը:
——————————————————–
«Կոռուպցիա. Shift+Delete» ծրագիրն իրականացվում է ԲՀՀԻ հիմնադրամի կողմից Հայաստանի Բարեվարքություն Ծրագրի շրջանակներում՝ Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով։
Last modified: