Տուն-ինտերնատների խնդիրներն ու պայմանները շատ հազվադեպ են դառնում լրագրողական թեմա, այս է պատճառներից մեկը, որ նման հաստատություններում առկա խնդիրների ամբողջական պատկերը ոչ բոլոր քաղաքացիներին է հայտնի: Տուն-ինտերնատների բնակիչների, վերջիններիս կենսական պայմանների, հետաքրքրվածության հարցերը, պատասխաններն ու խնդիրների կարգավորման առաջարկությունները եւս լայնորեն տարածված չեն քաղաքացիական հասարակության շրջանում, այսպիսով, գիշերօթիկների եւ մանկատների նման, տուն-ինտերնատները շարունակում են մնալ կիսափակ կառույցներ:
2017 թվականին, մասնավորապես, անդրադարձել էինք, թե ՀՀ վերաքննիչ պալատն ինչ խախտումներ է արձանագրել տարեցների շուրջօրյա խնամքի ծառայություններ մատուցող որոշ կազմակերպություններում: «Երեւանի թիվ 1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ում 2015 թ. ընթացքում մահացած թվով 4 անձանց հուղարկավորությունը կատարվել է միեւնույն անձնավորության կողմից, որը որեւէ ազգակցական կապ չունի հանգուցյալներից եւ ոչ մեկի հետ:
Զգալի տարբերություններ էին արձանագրվել ՊՈԱԿ-ների կողմից ձեռքբերված սննդամթերքի գների համադրմամբ:
«Բոլորը հանուն հավասար իրավունքների» հիմնադրամը վերջերս ուսումնասիրություն եւ մշտադիտարկում է կատարել մի քանի տուն-ինտերնատներում եւ վեր հանել այս հաստատությունների խնդիրներն ու պայմանները: Զեկույց արդեն հասանելի է:
Հետազոտության ընթացքում գրավոր հարցումներ են արվել 5 շահառու կազմակերպությունների` Վանաձորի տարեցների տուն հիմնադրամի, Հույսի տուն ծերերի հանգստավայրի, Գյումրու տուն-ինտերնատ ՊՈԱԿ-ի, Երեւանի թիվ 1 տուն-ինտերնատի եւ Նոր-Նորքի տուն-ինտերնատի ղեկավարներին՝ ուսումնասիրության համար անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու նպատակով։ Հարցումները կատարվել են` հիմք ընդունելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով սահմանված դրույթները։
Հետազոտության իրականացման այդ փուլում շահառու կազմակերպությունները խախտել են նշված օրենքն ու գրավոր հարցմանը չեն պատասխանել, կամ պատասխանել են սահմանված ժամկետների խախտմամբ, կամ թերի են պատասխանել՝ չանդրադառնալով հարցման բոլոր հարցերին, կամ չեն տրամադրել տեղեկատվությունը՝ առանց սահմանված կարգով մերժում տալով, որի արդյունքում անհնարին է դարձել կատարել համեմատական վերլուծություն տուն-ինտերնատների շահառուների կողմից տրված տեղեկատվության հետ։
Զեկույցի համաձայն` հարցմանը մասնակցած շահառուների 8%-ը բնակվել է այնպիսի սենյակներում, որտեղ բնակիչների ընդհանուր թիվը գերազանցել է 4-ը, որը համարվում է «Ծերերի եւ հաշմանդամների խնամքի եւ սոցիալական սպասարկման նվազագույն չափորոշիչները հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2007 թվականի մայիսի 31-ի N 730-Ն որոշոման հավելված 1-ով սահմանված նվազագույն չափորոշիչների ցանկի 1-ին կետի խախտում:
«Հարցմանը մասնակցածների 84%ը պնդել է, որ գտնվում է լավ հարաբերությունների մեջ իրենց սենյակակիցների հետ, սակայն հարկավոր է նշել, որ հարցվածների 32%-ը ունեցել է տեղափոխություն սենյակից սենյակ՝ մի քանի պատճառներով, որոնցից 8%-ը կախված տուն-ինտերնատի աշխատակիցների հետ ունեցած հարաբերություններով: Այդուհանդերձ, հարցվածների 60%-ը կարծում է, որ սենյակից սենյակ տեղափոխվելու հանգամանքը պայմանավորված է միայն սենայակակիցների հետ վատ հարաբերությունների մեջ լինելու հանգամանքով, իսկ 20%-ը կարծում է, որ այն կախված է շահառուի կարիքներից և առկա անհրաժեշտությունից:
Կոնֆլիկտային իրավիճակներում հարաբերությունների կարգավորման կանոնակարգային որեւէ մոտեցում բացակայում է: Տուն-ինտերնատներում նման վեճերը եւ հարաբերությունների կոնֆլիկտային ընթացքը կամ ավարտը կարգավորվում են այլընտարնքային ճանապարհներով, ինչի կապակցությամբ հարցվածների 24%-ի կարծիքով հարաբերությունների կարգավորում է տեղի է ունենում այլ աշխատակցի միջամտությամբ, 16%-ը՝ վերադասի միջամտության, 8%-ը՝ սեփական միջոցների ներդրման արդյունքում; իսկ 32%-ը չի կարողացել պատասխանել այս հարցին»,-ասված է զեկույցում:
Բռնությունը տուն-ինտերնատներում դիտարկվել է երկու ուղղությամբ՝ բռնությունը շահառուների միջեւ եւ բռնությունը շահառուների եւ տուն-ինտերնատի աշխատակիցների միջեւ: Ընդ որում, այս համատեքստում դիտարկվել է բռնության արտահայտման ամենատարծված չորս ձեւերը՝ ֆիզիկական, հոգեբանական, սեռական, հոգեւոր/համոզմունքային:
Հարցվածների 8%-ն ականատես է եղել տուն-ինտերնատի աշխատակցի կողմից շահառուի բռնության, որոնցից 4%-ը դիտարկել է բռնության ֆիզիկական, իսկ մյուս 4%-ը՝ հոգեբանական ձեւերը:
Շահառուների միջեւ բռնությանն ականատես են եղել հարցվածների 48%-ը, որոնցից 36%-ը հազվադեպ է այն դիտարկել իսկ 12%-ը՝ հաճախ: Բռնությունը դիտարկողների 56%-ն այն որակել է իբրեւ ֆիզիկական, իսկ 12%-ը` հոգեբանական: Սեռական եւ հոգեւոր/համոզմունքային բռնությունների վերաբերյալ չկան որեւէ հիշատակումներ և արձանագրումներ:
Հարցվածների 92%-ի համաձայն` տուն-ինտերնատներում շահառուների սենյակները մաքրվում են ամեն օր, ընդ որում, ըստ հարցումների արդյունքների սենայկների մաքրման աշխատանքներն իրականացվում են խնամվողների (12%), մաքրուհիների (64%) եւ սանիտարների (24%) կողմից: Հարցմանը մասնակցած շահառուների 96%-ը «լավ» է գնահատել սենյակների մաքրության աստիճանը։ Նույնչափ մարդկանց համար սենյակներում հարմարավետ է տեղաշարժվելը եւ չկան խոչընդոտներ։
«Ընդհանուր հարցվածների 20%-ին չի բավարարում ջեռուցման մակարդակը սենյակներում, ընդ որում, ըստ հարցվածների 12%-ի ջեռուցումը սենյակներում իրականացվում է էլեկտրական տաքացուցիչների միջոցով, ինչը համարվում է հրդեհային անվտանգության կանոնների կոպիտ խախտում։ Հատկանշական է, որ առանձին դիտարկումների արդյունքում պարզ է դարձել, որ Գյումրու տուն-ինտերնատում հետազոտությանը մասնակցած շահառուների 60%-ն ասել է, որ իրենց սենյակներում ջեռուցումն իրականացվում է էլեկտրական տաքացուցիչների միջոցով։ Հետաքրքրական է, որ դեռ 2015 թվականին էլեկտրական տաքացուցիչից գրանցված հրդեհի հետեւանքով երկու զոհերի դեպքից հետո տուն-ինտերնատում շարունակում են առանձին սենյակների ջեռուցումն իրականացնել արգելված միջոցներով»,-անդրադարձել են զեկույցում:
Հարցվածների 20%-ը միեւնույն սենյակում բնակվել է անկողնային հիվանդների հետ, ինչը էապես ազդել է իրենց կյանքի որակի վրա՝ պատճառելով հավելյալ անհանգստություններ։
Բոլոր տուն-ինտերնատներում շահառուները սնվում են օրական երեք անգամ պարբերականությամբ՝ նախաճաշին, ճաշին եւ ընթրիքին։ Նրանցից 80%-ը բավարարվում է տրամադրվող սննդի որակով, իսկ 12%-ը՝ մասնակի։ Շահառուների մեծ մասը պնդում է, որ տրամադրվող սնունդը բազմազան է, կալիորաներով հարուստ է և 4-5 ժամ պահում է կուշտ։ Ըստ հարցվող շահառուների, իրենք նախապես տեղեկացվում են ճաշացանկի վերաբերյալ։
Զեկույցում հակիրճ ներկայացվեն են նաեւ մի քանի երկրների տարեցների սոցիալական ծառայությունների տրամադրման փորձը։
Իսպանական համակարգը առավելագույնս ապակենտրոնացված է եւ կարող է բնութագրվել որպես «երկարատև խնամքի տարածքային ծառայությունների համակարգ»: Այստեղ շեշտը դրվում է խնամքի ոչ ֆորմալ համակարգի վրա, սակայն աշխատուժի թվաքանակի մեջ կանանց մասնակցության աճով պայմանավորված` Իսպանիան ստիպված է լինելու աստճանաբար հենվել խնամքի ֆորմալ համակարգի վրա: Հանրային ֆինանսավորմամբ երկարատև խնամքի հասանելիությունը հենվում է կարիքների եւ ռեսուրսների գնահատման վրա, որոնք տարբերվում են մարզից մարզ: Ծառայությունները խիստ նորմավորված են, քանի որ ցածր է դրանց ֆինանսական ապահովվածության մակարդակը:
Իտալիայում տարեցների երկարատեւ խնամքն ունի աջակցության երեք աղբյուրներ` համայնքային խնամք, ինստիտուցիոնալ խնամք և դրամական նպաստներ: Երկարատև խնամքը տրամադրվում է պետական և մասնավոր հատվածում առողջապահական ու անհատական սոցիալական խնամք մատուցողների կողմից: Առողջապահական ծառայությունները տրամադրվում են անվճար` Ազգային Առողջապահական Ծառայության կողմից, մինչդեռ սոցիալական խնամքը տրամադրվում է ըստ դրա կարիքի աստիճանի: Ազգային և տեղական հարկերն են հանդիսանում ֆինանսավորման գլխավոր աղբյուրները: Իտալական համակարգի ուշագրավ առանձնահատկություններից մեկն այն է, որ այն հենվում է տնային խնամք տրամադրող մասնավոր անձանց վրա, որոնք մեծամասամբ ձեռք են բերվում ստվերային տնտեսությունից:
Միացյալ Թագավորությունում, ինչպես եւ Իսպանիայում ու Իտալիայում, առողջապահական ծառայությունները Ազգային Առողջապահական Ծառայության վարչական ղեկավարման ներքո են, իսկ սոցիալական խնամքի ծառայությունները կազմակերպվում են տեղական իշխանությունների կողմից` ըստ դրանց պահանջարկի և կարիքի աստիճանի: ԱԱԾ ներկայացուցիչները պատասխանատու են իրենց տարածքի բնակչությանը առողջապահական խնամքի ծառայությունների տրամադրման համար: Տեղական իշխանությունները պատասխանատու են բնակչության կարիքների գնահատման, սոցիալական ծառայությունների հասանելիության եւ ընտրության չափանիշների մշակման ու տրամադրման համար:
«Բոլորը հանուն հավասար իրավունքների» հիմնադրամի հիմնադիր, իրավաբան Վանուհի Գասպարյանի խոսքով՝
զեկույցի շրջանակներում ուսումնասիրվել են ինչպես ոլորտը կարգավորող ներպետական օրենսդրությունը, այնպես էլ միջազգային համաձայնագրերը, որոնք ստորագրել եւ/կամ վավերացրել է Հայաստանը։
«Տարեցների իրավունքների մասին մեկ ընդհանուր փաստաթուղթ օրենքի տեսքով մենք չունենք, փոխարենը ոլորտի առկա խնդիրները կարգավորվում են այլ օրենքներով և իրավական ակտերով»,-ասում է իրավաբանը։
Վանուհի Գասպարյանը մի քանի դիտարկում է կատարում՝
2017 թվականի մայիսի 18-ին ՀՀ կառավարությունն ընդունեց «Ծերացման հետևանքների հաղթահարման եւ տարեցների սոցիալական պաշտպանության ռազմավարությունը» եւ դրա իրագործման համար 2017-2021 թվականների գործողությունների ծրագիրը: Ռազմավարության նպատակն է՝ տարեց մարդկանց համար ստեղծել բարենպաստ եւ առողջ միջավայր՝ ապահովելով նրանց ակտիվ ու արժանապատիվ ծերացման գործընթացը:
Մինչ 2017 թվականը, ՀՀ-ում տարեց անձանց խնդիրների լուծմանն ուղղված այլ ծրագիր է գործել՝ 2015 թվականից իրականացվել է ՀՀ կառավարության կողմից 2014 թվականի սեպտեմբերի 18-ին հաստատված «Հայաստանի Հանրապետությունում տարեցներին սոցիալական ծառայություններ տրամադրելու հայեցակարգին և հայեցակարգի իրականացման 2015-2019 թվականների միջոցառումների ծրագիր-ժամանակացույցին հավանություն տալու մասին» N 39 արձանագրային որոշումը (այսուհետ՝ Հայեցակարգ, Միջոցառումների ծրագիր-ժամանակացույց)։ Հայեցակարգի նպատակն է` Հայաստանի Հանրապետությունում ներդնել տարեցների նոր, ժամանակակից մոտեցումների վրա հիմնված սոցիալական ծառայությունների տրամադրման համակարգ, որի հիմքում ՀՀ տարեց քաղաքացիների իրական կարիքների լիարժեք ու բազմակողմանի գնահատման եւ պետության կողմից երաշխավորված նվազագույն ծառայությունների փաթեթի երաշխավորման հետ միասին դրվում է նաև տարեցների համար անհրաժեշտ եւ ցանկալի սոցիալական այլ (լրացուցիչ) ծառայությունների տրամադրման հնարավորությունների ապահովումը` հիմնվելով ծառայություններ ստանալու ցանկություն ունեցող անձանց իրական կարիքների և լրացուցիչ ծառայությունների համար վերջինների փոխհատուցում կատարելու հնարավորությունների գնահատման վրա: Ներկա դրությամբ Հայաստանի Հանրապետությունում տարեցների սոցիալական պաշտպանությունը նույնացվում է նրանց մատուցվող խնամքի եւ սոցիալական այլ ծառայությունների հետ:
ՀՀ կառավարության 25 սեպտեմբերի 2015 թվականի N 1112-Ն որոշման հիման վրա տարեց եւ/կամ հաշմանդամություն ունեցող անձանց շուրջօրյա խնամք է ապահովվում բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում (տուն-ինտերնատը համարվում է նման հաստատություն, որը լինում է ընդհանուր եւ հատուկ տիպի)։ Տուն-ինտերնատ ընդունվելու համար շահառուն պետք է գրավոր դիմի իր բնակության վայրի սոցիալական ապահովության ծառայության տարածքային բաժին ներկայացնելով վերոնշյալ որոշմամբ հաստատված փաստաթղթերի ցանկը։
«Կարեւոր է նշել, որ ինչպես մոնիտորինգի վերլուծական փուլում, այնպես էլ դաշտային աշխատանքների ընթացքում, հերթում սպասելու եւ փաստաթղթավորման խնդիրներից խուսափելու եւ/կամ այդ ընթացակարգը շահառուների համար դյուրացնելու նպատակովարվել են հետևյալ առաջարկությունները՝
• տուն-ինտերնատների շահառուների հերթագրման եւ հերթում սպասելու գործընթացն իրականացնել առցանց եղենակաով՝ հնարավորություն տալով շահառուներին հետևելու դիմումի ընթացքին եւ հերթի սպասմանը,
• շուրջօրյա խնամքի հաստատություն ընդունվելու համար դիմելու գործընթացի մեջ կարևոր տեղ հատկացնել դիմողի բժշկական քարտի տվյալներին և փաստացի ֆիզիկական ու հոգեկան առողջության վիճակին՝ նրանց առավել համապատասխան հաստատություն ուղեգրելու համար,
• հնարավորինս դյուրացնել հաստատություններում բնակվող այն խնամվողների տեղափոխության գործընթացը, որոնց մոտ առողջական և/կամ հոգեկան առողջության վիճակը անհամատեղելի է տվյալ կառույցի մասնագիտական գործունեության հետ,
• շուրջօրյա խնամքի հաստատություն ընդունելության կարգում կատարել համապատասխան փոփոխություն՝ սոցիալական աջակցության տարածքային գործակալություններին պատվիրակելով դիմողի փաստաթղթերի լրացման և բժշկական ստուգումների անցկացման գործընթացի տեխնիկական աջակցությունը,
• ՀՀ կառավարության 31 մայիսի 2007 թվականի N 730-Ն որոշմամբ սահմանված են ծերերի եւ հաշմանդամների խնամքի և սոցիալական սպասարկման նվազագույն չափորոշիչները։
Այս կապակցությամբ մեր կողմից արվել են հետևյալ առաջարկությունները՝
• տուն-ինտերնատում յուրաքանչյուր խնամվողի համար ապահովել անհատական բնակելի տարածք՝ դադարեցնելով նաև օրենսդրական կարգավորմամբ սահմանված առավելագույնը չորս անձին հատկացվող մեկ սենյակի դրույթը,
• սենյակները, սանհանգույցները եւ ընդհանուր՝ շենքային պայմանները, հարմարեցնել հաշմանդամություն ունեցող անձանց համար,
• բնակելի բոլոր սենյակներում ապահովել տաք ջուր, ինչպես նաեւ՝ ամենօրյա կարգով հետևել անկողնային պարագաների մաքրությանը,
• արգելել տուն-ինտերնատներում ընդհանուր շենքի, ինչպես նաև բնակելի սենյակների ջեռուցումը էլեկտրական տաքացուցիչների միջոցով՝ անցում կատարելով 100% ջեռուցման համակարգերի,
• մշակել տուն-ինտերնատներում կոնֆլիկտների կարգավորման կանոնակարգ, ներառյալ գույքի վնասման պարագայում փոխհատուցման ձևերի և սկզբունքների, անձի առողջությանը պատճառված վնասի փոխհատուցման կարգով,
• հետևել տուն-ինտերնատների շահառուների միջև ֆիզիակական եւ հոգեբանական բռնության դեպքերին, դեպքերի քննությանն ու քննության արդյունքում կայացված որոշմանը, որոշման կիրարկմանը»,-ասում է իրավաբանն ու ավելացնում․
«Ինչ վերաբերվում է խնամվողի կենսաթոշակ ստանալու իրավունքին, ապա ընդհանուր տիպի տուն-ինտերնատում խնամվողին վճարվում է նշանակված կենսաթոշակի աշխատանքային մասը, որը տնօրինվում է խնամվողի կողմից իր հայեցողությամբ, իսկ այդ կազմակերպությունում ապրող` զինվորական կենսաթոշակ ստացողներին` նշանակված կենսաթոշակի 50 տոկոսը: Տուն-ինտերնատում բնակվողի մահվան դեպքում, եթե չունի հարազատներ կամ հրաժարվել են նրանից, պետությունն է ձեռնարկում բոլոր համապատասխան միջոցառումները։ Կոռուպցիոն ռիսկերից խուսափելու համար, առաջարկում ենք ներդնել թոշակառուների թոշակների ստացման կարգի ստուգման մեխանիզմ ու համոզվել, որ թոշակների ստացումը տվյալ հաստատություններում համապատասխանում են օրենսդրական կարգավորումներին»։
Հոդվածը` Անի Մկրտչյանի․ «Ասպարեզ» ժուռանլիստների ակումբ
Last modified: