«Բոլորը հանուն հավասար իրավունքների» հիմնադրամը «Հզորացնելով կանանց. թվային պաշտպանություն ատելության խոսքի դեմ» ծրագրի շրջանակներում կազմակերպում է երկօրյա աշխատարան ուղղված առցանց ատելության խոսքի նույնականացմանը և դրա դեմ պայքարին։
Աշխատարանն անցկացվելու է Երևանում՝ հունիսի 27-ին և 28-ին։
Միջոցառմանը մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալ Հայաստանում կանանց դեմ ուղղված առցանց ատելության խոսքի հետազոտության արդյունքներին, դիտարկել իրական օրինակներ, աշխատանքային խմբերում քննարկել ատելության խոսքին և գենդերային հավասարությանը վերաբերող մարտահրավերներ ու լուծումներ։ Երկօրյա աշխատարանը հնարավորություն կընձեռի նաև ուսումնասիրել գործիքներ, որոնք թույլ կտան մոնիթորինգի ենթարկել առցանց ատելության խոսքը, զեկուցել դրանց մասին մեդիաներին իսկ անհրաժեշտության պարագայում դիմել նաև ԶԼՄ-ների ինքնակարգավորման Դիտորդ մարմնին, որի գործունեության հիմքում «Հայաստանի լրատվամիջոցների և լրագրողների էթիկական սկզբունքների կանոնագիր»-ն է, որին միացել են տեղական 8 տասնյակից ավելի լրատվամիջոցներ։
Աշխատարանը նախատեսված է տեղական մեդիա կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության կառույցների ներկայացուցիչների, երիտասարդների և ուսանողների համար, որոնք հետաքրքրված են թեմայով և պատրաստ են կիսվել իրենց փորձով ու դառնալ միջոցառման ակտիվ մասնակից։ Աշխատարանին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց հայտը՝ մինչև 2024 թվականի հունիսի 20-ը ներառյալ։
Մարզերից դիմորդների համար կապահովվի ճանապարհածախսը, կեցությունն ու սնունդը։ Յուրաքանչյուր օրվա համար աշխատարանը տևելու է շուրջ 5 ժամ։ Դիմումների գնահատման գործընթացից հետո ԲՀՀԻ հիմնադրամը կապ կհաստատի ընտրված մասնակիցների հետ։
Այս նախագիծն իրականացվում է «ՀԱՎԱՍԱՐ – ԵՄ-ն հանուն կանանց իրավազորման Հայաստանում» Ծրագրի շրջանակներում՝ ՕքսԵՋեն հիմնադրամի, «Եվրոպական գործընկերություն հանուն ժողովրդավարության» ՀԿ-ի, «Նիդեռլանդների հելսինկյան կոմիտե» ՀԿ-ի, «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ի, «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամի կողմից, «Վիննեթ Շվեդիա» ՀԿ-ի հետ համագործակցությամբ։
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։
Ծրագրի նպատակն է ստեղծել ներառական և ավելի անվտանգ թվային միջավայր կանանց համար, հատկապես նրանց, ովքեր հանրային դերերում են՝ հասցեագրելով և մեղմացնելով առցանց ատելության խոսքը՝ կանանց հզորացման միջոցով, ներառյալ նրանց կարողությունների զարգացումը, քաղաքականության փոփոխությունների վրա և կարծրատիպերի դեմ պայքարի նկատմամբ ազդեցության մեծացումը:
Last modified: