Ծրագիր
«Բարեվարքության դեսպանները Հայաստանում [2.0]»

Տևողություն
25.01.2024-25.11.2024

Աջակցող
Հայաստանի Բարեվարքության Ծրագիր (ՀԲԾ)

Դոնոր
ԱՄՆ միջազգային զարգացման գործակալություն (ԱՄՆ ՄԶԳ)

Իրականացնող
Բոլորը հանուն հավասար իրավունքների հիմնադրամ (ԲՀՀԻ հիմնադրամ)

Նպատակներ

Նպաստել մանկավարժների և աշակերտների կոռուպցիայի վերաբերյալ իրազեկման բարձրացմանը, կոռուպցիայի նկատմամբ զրոյական հանդուրժողականությանը և բարեվարքության խթանմանը, հնարավոր վարքագծային փոփոխություններին և կոռուպցիայի դեմ պայքարում շահառուների դերի և նշանակության բարձրացմանը:

Նպաստել կոռուպցիայի կանխարգելման և բարեվարքության վերաբերյալ կրթությանը՝ մշակելով կրթական ռեսուրսներ, ուսումնամեթոդական ձեռնարկներ և ինտերակտիվ նյութեր՝ դրանք կիրառելով դպրոցական բարեվարքության ակումբներում։

Խթանել կրթական նյութերի ինստիտուցիոնալ օգտագործմանը հանրակրթական հաստատություններում կոռուպցիայի կանխարգելման և բարեվարքության համար՝ Արդարադատության նախարարության, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հետ համալիր հաղորդակցության և շահերի պաշտպանության միջոցով։

Նպաստել կրթական հաստատություններում բարեվարքության ակումբների ստեղծմանը՝ ապահովելով նրանց կայուն և ինստիտուցիոնալ ներգրավվածությունը մանրակրկիտ մշակված ուսումնական պլանի և ուսումնական նյութերի միջոցով, որոնք համապատասխանում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության չափանիշներին:

Համատեքստ

Չնայած այն հանգամանքին, որ 2018 թվականից ի վեր Հայաստանը մեծ ջանքեր է գործադրել կոռուպցիայի դեմ պայքարում, այդուհանդերձ, արդյունքներն այնքան էլ գոհացուցիչ ու հուսադրող չեն, քանի որ կոռուպցիան, ըստ մեր և մասնագիտացված տեղական ու միջազգային կառույցների գնահատականի, շարունակում է կրել համակարգային բնույթ՝ տեղական մակարդակից մինչև ազգային։

Հանրակրթական հաստատություններում չի իրականացվում ֆորմալ և ոչ ֆորմալ կրթական գործունեություն՝ ուղղված սովորողների և մանկավարժների իրազեկվածության մակարդակի բարձրացմանը, ինչի հետևանքով և՛ ուսանողները/երիտասարդները, և՛ մանկավարժական համայնքը չեն կարողանում նույնականացնել, բացահայտել և հակազդել կոռուպցիային։

Վերջին տարիներին Հայաստանում ընթացող քաղաքական գործընթացները, թեև միտված են կոռուպցիայի կանխարգելմանը և սահմանվում են որպես հակակոռուպցիոն ռազմավարական քայլեր, այդուհանդերձ, բավարար չեն առկա մարտահրավերները հաղթահարելու համար։ Երիտասարդների շրջանում կոռուպցիայի մասին իրազեկումը ձևավորվում է միայն ամենօրյա տեղեկատվական հոսքերում շրջանառվող բովանդակությամբ, որը ոչ միայն բավարար չէ կոռուպցիան նույնականացնելու համար, այլև հաճախ մոլորեցնում է լսարանին և տարածում ապատեղեկատվություն։

ԲՀՀԻ հիմնադրամի կողմից և ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ իրականացված «Կոռուպցիա. Shift+Delete» ծրագիրը թույլ տվեց մեր թիմին խորը աշխատանք տանել թիրախային կառույցների և շահառուների հետ, ինչի արդյունքում ակնհայտ դարձավ, որ այս ուղղությամբ տարվող աշխատանքները չափազանց կարևոր և առաջնահերթ են։ Շահառուներն իրենք են պնդում, որ կոռուպցիայի դեմ պայքարի լավագույն միջոցը կրթությունն է՝ սկսած դպրոցից ։ Շուրջ 544 շահառուների և 22 ուսումնական հաստատությունների հետ իրականացված աշխատանքների՝ դասընթացների, բանավեճերի, հարցազրույցների և ֆոկուս-խմբային քննարկումների արդյունքները ցույց են տվել շուրջ 90% գիտելիքների աճ, ինչը պարտավորեցնող է մեզ համար։ Զուգահեռ պետք է ընդգծել, որ այս վիճակագրությունը միևնույն ժամանակ ընդգծում է մասնակիցների իրազեկվածության խիստ ցածր մակարդակը, հակառակ դեպքում նման աճ գրանցելն անիրական կլիներ։ Պետք է նաև նշել, որ ծրագրի իրականացման ընթացքում ԲՀՀԻ-ն բազմաթիվ հայտեր ստացավ այլ կրթական հաստատություններից՝ միջոցառումներին ընդգրկվելու ցանկությամբ, ինչը հնարավոր չեղավ սահմանափակ միջոցների պատճառով։

Ստեղծված արդյունքն ինստիտուցիոնալացնելու նպատակով ԲՀՀԻ հիմնադրամն ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ շարունակում է իր գործունեությունն այս ուղղություններով։

Խնդիրներ

Ծրագրի իրականացման հիմնական խնդիրները, որոնք նպաստելու են նպատակի իրագործմանը հետևյալն են՝

Ուսումնական մոդուլի մշակում հատուկ փորձագիտական խմբի կողմից և շահառու կրթական հաստատությունների մանկավարժների եռօրյա վերապատրաստում:

ՀՀ դպրոցներում Բարեվարքության ակումբների հիմնադրում, դրանց կառավարման և ինստիտուցիոնալ գործունեության համար նախատեսվող գործիքների մշակում։

Նախագծային կրթական և ուսումնամեթոդական ռեսուրսների շահերի պաշտպանություն և հաղորդակցություն գործընկեր գերատեսչությունների հետ։

Հակակոռուպցիոն կրթության հանրային իրազեկման սոցիալական մեդիա արշավի իրականացում։

— — — —

«Բարեվարքության դեսպանները Հայաստանում» ծրագիրն իրականացվում է ԲՀՀԻ հիմնադրամի կողմից Հայաստանի Բարեվարքություն Ծրագրի շրջանակներում՝ Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով։

Նյութի բովանդակության պատասխանատուն «Բոլորը հանուն հավասար իրավունքների» հիմնադրամն է և պարտադիր չէ, որ այն արտացոլի ԱՄՆ ՄԶԳ-ի կամ ԱՄՆ կառավարության տեսակետները։

Last modified: