Հետազոտությունը հասանելի է՝ այստեղ
Հայաստանյան մեդիա տիրույթում ատելության խոսքի չափաբաժինը մտահոգիչ մասշտաբներ ունի։ Առավել ինտենսիվ և հանրության համար տեսանելի կերպով այն տարածվում է սոցիալական մեդիայի՝ զանգվածային լրատվամիջոցներին պատկանող էջերում։ Այս էջերում հրապարակումների ներքո առկա մեկնաբանությունների դաշտը յուրահատուկ հանրային տարածք է, որտեղ ցանկացած օգտատեր իր ինքնությանը համապատասխան կամ կեղծ օգտահաշվի միջոցով կարողանում է հրապարակել ցանկացած տեքստ։ Մեծ թվով օգտատերեր այս հնարավորությունն օգտագործում են հանրային կերպարներին, այդ թվում՝ կին հանրային և քաղաքական գործիչներին թիրախավորելու համար։ Այս երևույթը վնասակար և վտանգավոր է ոչ միայն իր անկառավարելի բնույթի պատճառով, այլ նաև այս տեքստերի բարձր տեսանելիության ու լայն հասանելիության պատճառով, ինչն իր հերթին մեծացնում է վնասի չափը, ընդլայնում ատելության խոսքի աշխարհագրությունը։ Մյուս կողմից, շատ կարևոր է, որպեսզի լրատվամիջոցները պատասխանատվություն ստանձնեն ոչ միայն իրենց կողմից հրապարակված նյութերի, այլև դրանց արդյունքում սոցիալական մեդիա հարթակներում ձևավորվող քննարկումների համար և վերահսկեն այդ գործընթացներն ու մոդերացնեն մեկնաբանությունների բովանդակությունը, որոնք պարունակում են ատելության խոսք։ Նման պրակտիկայի հաջող օրինակ է ԶԼՄ-ների էթիկայի դիտորդական մարմնի Հայաստանի լրատվամիջոցների և լրագրողների էթիկական սկզբունքների կանոնագիրը, որին միացել են ավելի քան 80 տեղական լրատվամիջոցներ:
Այս ուսումնասիրությունը պատասխան է այն հարցին, թե ինչ բնույթ ունի հասարակական և քաղաքական գործունեություն ծավալող կանանց ուղղված ատելության խոսքը սոցիալական հարթակներում, և թե որտեղ են դրա հիմքերը։ Հաշվի առնելով Ֆեյսբուք և Յություբ սոցիալական ցանցերի հանրայնացումը և դրանցում սոցիալական բազմազան շերտերի ներկայությունը՝ հետազոտությունն իրականացնող խումբն ընտրել է հե՛նց այս հարթակներում լրատվական էջերի գրառումների մեկնաբանությունների բաժինը։ Այն հաղորդակցության գործարքային (անգլ.՝ transactional) մոդելի ստանդարտ օրինակ է և արտացոլում է ուղղորդվող ինքնաբուխ հաղորդակցությունը բոլորովին չուղղորդված և/կամ տարբեր կենտրոններից, այդ թբում՝ սոցիալական և քաղաքական խմբեր, մասնագիտական համայնքներ, անհատ օգտատերեր։ Այս համատեքստում նման հաղորդակցությունը վերահսկելն ու կարգավորելը հնարավոր է նաև տվյալ մեդիայի էթիկական չափանիշներին չհամապատասխանող մեկնաբանությունները ջնջելու եղանակով։ Հետազոտական նպատակով նյութը հավաքելու և դասակարգելու համար սահմանված միջակայքը 2021-ի հունվարի 1-ից 2023-ի դեկտեմբերի 31-ն է, այլ կերպ ասած` 2020-ի Լեռնային Ղարաբաղի պատերազմից հետո ընկած ժամանակահատվածը:
Առցանց ատելության խոսքը հասկանալու համար կիրառվել են որոշակի չափանիշներ, որոնք հուշում են անձի թիրախավորման, վիրավորանքի, բռնության կոչի տարրերի առկայությունը։ Իր բարդ և բազմաչափ բնույթի պատճառով դժվար է զտել և առանձնացնել միայն բռնության կոչեր պարունակող արտահայտությունները, խտրականությունը և այլն։ Մեդիամոնիտորինգի առաջին փուլում առանձնացվել են վիրավորական և նվաստացնող բնույթի արտահայտությունները, որից հետո դասակարգվել են դրանք՝ ըստ թեմայի, բնույթի և ատելության խոսքի հիմքի։ Մեդիամոնիտորինգից բացի, ուսումնասիրությունը ներառում է նաև առանցքային տեղեկատուների հետ հարցազրույցներ և ֆոկուսխմբային քննարկումներ։ Իրականացվել են երկու անհատական հարցազրույցներ Հայաստանում գենդերային խնդիրներով զբաղվող փորձագետների հետ և երկու ֆոկուսխմբային քննարկում, որի մասնակիցները եղել են մեդիա ոլորտի աշխատակիցներ և քաղաքացիական հասարակության կառույցների ներկայացուցիչներ, որոնք իրենց աշխատանքում առնչվում են ատելության խոսքի և գենդերային անհավասարության դեմ պայքարի հարցերին։
Այս զեկույցը պատրաստվել է Բոլորը հանուն հավասար իրավունքների հիմնադրամի կողմից՝ «ՀԱՎԱՍԱՐ – ԵՄ-ն հանուն կանանց իրավազորման Հայաստանում» ծրագրի «Հզորացնելով կանանց. թվային պաշտպանություն ատելության խոսքի դեմ» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակում։
«ՀԱՎԱՍԱՐ – ԵՄ-ն հանուն կանանց իրավազորման Հայաստանում» ծրագիրն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի, «Եվրոպական գործընկերություն հանուն ժողովրդավարության» ՀԿ-ի, «Նիդեռլանդների հելսինկյան կոմիտե» ՀԿ-ի, «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ի, «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամի կողմից, «Վիննեթ Շվեդիա» ՀԿ-ի հետ համագործակցությամբ։ Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:
Այս զեկույցը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Բոլորը հանուն հավասար իրավունքների հիմնադրամը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Հետազոտության մշակմանը, տվյալների հավաքագրմանը և վերլուծությանն աջակցել է Democracy Reporting International (DRI)-ը և աշխատանքները համակարգել է «Եվրոպական գործընկերություն հանուն ժողովրդավարության» ՀԿ-ն։
Հետազոտությունը հասանելի է՝ այստեղ
Last modified: