Ծրագիր
Վիզուալիզացնելով թվային աշխարհը
Տևողություն
01.04.2024-31.08.2024
Դոնոր
Եվրոպական միություն
Կոնրադ Ադենաուեր Հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղ
Իրականացնող
Բոլորը հանուն հավասար իրավունքների հիմնադրամ (ԲՀՀԻ հիմնադրամ)
Նպատակ
Ծրագրի նպատակն է նպաստել Գյումրի քաղաքի 16-22 տարեկան երիտասարդների մեդիագրագիտության և կիբեռանվտանգության մասին իրազեկվածության մակարդակի բարձրացմանը, ինչպես նաև զարգացնել քննադատական մտածողության և տեղեկատվության վերլուծության հմտությունները՝ թվային տեխնոլոգիաների պատասխանատու և անվտանգ օգտագործման համար:
Համատեքստ
Թվային դարաշրջանում հասարակությունը, մասնավորապես, երիտասարդները մշտապես ավելի ու ավելի են ենթարկվում համացանցի բացասական ազդեցությանը: Առանց մեդիա գրագիտության հմտությունների, երիտասարդները չեն կարող քննադատաբար մտածել և վերլուծել տեղեկատվությունը, ինչը հանգեցնում է.
- Ապատեղեկատվության և կեղծ լուրերի անվերահսկելի տարածմանը. երիտասարդները հեշտությամբ հավատում են չստուգված տեղեկատվությանը, ինչը կարող է բացասական հետևանքներ ունենալ նրանց անձնական կյանքի որակի, դեռահասության տարիքում վարքագծային հատկանիշների ձևավորման և թվային միջավայրում անվատնգության ու կիբեռբուլինգի հնարավոր ազդեցությունների վրա: Ապատեղեկատվության նկատմամբ դիմակայության բացակայության պայմաններում քաղաքացիները կայացնում են անիրազեկ որոշումներ, տրվում են մանիպուլյացիաներին, ինչն էլ իր հերթին խթանում է ժողովրդավարության թուլացմանը և ներքին տեղեկատվական ու հասարակական հարաբերությունների ապակայունացմանը։
- Վտանգավոր կայքերի և մեդիա որոգայթների կողմից խոցելիության մեծացմանը. երիտասարդները կարող են դառնալ կիբեռհարձակման, խարդախության, մարտահրավերային խաղերի, մոլախաղերի, ինքնության գողության և այլ առցանց սպառնալիքների զոհ: Շատ հաճախ հե՛նց երիտասարդներն են գտնվում ցանցահենների թիրախում՝ հաշվի առնելով վերջիններիս տարիքային և հոգեբանական առանձնահատկությունները։ Առավել ապահով առցանց միջավայրի ստեղծումը լուրջ մարտահրավեր է, որի հաղթահարումը նշանակալի ազդեցություն կարող է ունենալ իրավիճակի բարելավման համատեքստում։
- Թվային տեխնոլոգիաների անպատասխանատու օգտագործմանը. երիտասարդները կարող են չափազանց շատ ժամանակ անցկացնել սոցիալական ցանցերում, ինչը կարող է բացասական ազդեցություն ունենալ նրանց առողջության, ուսման և սոցիալականացման վրա, մինչդեռ կարող են մեդիան կիրառել գաղափարների գեներացման, համախոհների հավաքագրման և համայնքային մակարդակում նախաձեռնություններ իրականացնելու ուղղությամբ։
Համաձայն «Հայաստանում խոսքի ազատության և մեդիայի սպառման հետազոտության» տվյալների (2023-ի սեպտեմբեր), հարցվողներից ընդամենը 39%-ը ունի փաստերը կարծիքներից տարանջատելու և լրատվամիջոցների մանիպուլյատիվ գործողությունները բացահայտելու ունակություն, ինչից կարելի է ենթադրել, որ բնակչության զգալի մասը տրվում է մեդիամանիպուլյացիաների և դառնում կեղծ լուրերի թիրախ, ինչու ոչ, նաև զոհ։ Մյուս կողմից էլ պետք է հասկանալ, թե հարցմանը դրական պատասխանողների քանի՞ տոկոսն է գործնականում այն կարողանում տարանջատել։
Աշխարհում տեխնոլոգիաների արագ առաջընթացը և թվային մեդիայի անընդհատ զարգացող բնույթը ներկայացնում են շարունակական մարտահրավերներ՝ առցանց անվտանգության և պատասխանատու թվային վարքագծի դրսևորման համար: Հատկապես Հայաստանում մեդիա և տեղեկատվական գրագիտությունը գլոբալ առումով գտնվում է միջինից ցածր մակարդակում։ Ապատեղեկատվական հոսքերը, սունկ կայքերը, ամենօրյա ռեժիմով գեներացվող կեղծ նորությունները, քարոզչական գործընթացները արհեստական բանականության ազդեցությունն այս գործընթացների վրա նշանակալի դերակատարում ունեն։
Մեդիագրագիտության դասընթացների իրականացման արդյունքում երիտասարդները կկարողանան տարբերել արժանահավատ մեդիաները ոչ արժանահավատ մեդիաներից, պատասխանել լուրի հինգ հարցերին, փաստերը տարանջատել կարծիքից, կիրառել մեդիայի սպառման քննադատական մոտեցումներ։ Իսկ կիբեռանվտանգության թեմայի մանրամասն ուսումնասիրության արդյունքում մասնակիցները կկարողանան՝ մշակել ուժեղ և անվտանգ գաղտնաբառեր, ակտիվացնել երկփուլային անվտանգությունը և իրականացնել երկքայլ վավերացում, պաշտպանել անձնական տվյալներն անհարկի միջամտությունից կամ արտահոսքից և զերծ մնալ կիբեռբուլինգից ու մեդիա որոգայթներից։
Խնդիրներ
Ծրագրի իրականացման հիմնական խնդիրները, որոնք նպաստելու են նպատակի իրագործմանը հետևյալն են՝
Ուսումնական մոդուլների մշակում. կազմակերպել թեմատիկ դասընթացների կրթական մոդուլների մշակում, և նյութերի հավաքագրում։
Ուսումնական գործընթացի կազմակերպում․ կազմակերպել և իրականացնել երեքական դասընթացներ շահառուների չորս խմբերի հետ՝ մեդիա և թվային գրագիտության զարգացման ուղղությամբ, որին կմասնակցեն շուրջ 48 երիտասարդներ
Առցանց արշավի իրականացում․ մշակել և իրականացնել առցանց հանրային իրազեկման արշավ՝ վիզուալիզացված թերթերի կիրառմամբ։
— — — —
«Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագիրը Եվրոպական միության և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից ֆինանսավորվող նախաձեռնություն է, որն իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»–ի հետ համատեղ:
Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Նյութի բովանդակության համար պատասխանատվություն է կրում ԲՀՀԻ հիմնադրամը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները։
Last modified: